2 ապրիլի 2021 - 10:52 AMT
Փաշինյանի ու ՌԴ փոխվարչապետի հանդիպմանն ընգծվել է հումանիտար պայմանավորվածությունների կատարման կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Հանդիպմանն առանձնակի ընդգծվել է հումանիտար պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում կայունության ամրապնդման անհրաժեշտությունը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին և այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր»,-հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նրանք մտքեր են փոխանակել նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։

Ավելի վաղ Երևանում Օվերչուկը հանդիպել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի բանակցություններից հետո հայտարարվել էր երեք երկրների փոխվարչապետների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին: