2 ապրիլի 2021 - 15:22 AMT
Բաբայան․ Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա ու չի էլ կարող լինել

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա ու չի էլ կարող լինել:

Նա նաև ընդգծել է, որ ամեն ինչ անելու են եղածը պահպանելու համար, գրում է Aysor.am-ը։

«Որևէ մեկը Կարմիր Շուկայի կարգավիճակը չի փոխել: Կարմիր շուկան հայկական է, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի տարածաքում է գտնվում, հետևաբար, դրա կարգավիճակը փոխելու, Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա, չի էլ կարող լինել: Սա թող բոլորի համար պարզ լինի», - նշել է նախարարը:

Նա նշել է նաև, որ ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը, իր կարծիքով, պետք է լինի զուտ տնտեսական հարթությունում։

«Թուրքիան եղել է և կմնա հայոց պետականության ամենամեծ վտանգներից մեկը: Դրա մասին իրենք են հայտարարել: Դրանք իմ ասածը չէ, պաշտոնական Անկարայի ու Բաքվի հայտարարություններն են և ոչ միայն հայտարարությունները, այլև՝ գործողությունները», - նշել է նա:

Բաբայանի խոսքով՝ պատերազմի ժամանակ Թուրքիան նորից իր դեմքը ցույց տվեց. «Շատերը, գուցե, մոռացել էին նրա դեմքը, բայց նա նորից ցույց տվեց, հետևաբար, պետք է շատ խելացի, իրատեսական քաղաքականություն վարենք, երբևիցե չմոռանանք՝ ում հետ գործ ունենք»:

ԱԳ նախարարը նկատել է՝ լավ է, որ ուզում ենք տարբեր երկրների հետ հարաբերություններ լավացնել, բայց այլ հարց է՝ այդ երկրներն ուզո՞ւմ են մեզ հետ հարաբերությունները լավացնել և ի՞նչ գնով են ուզում անել դա:

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով մամուլում պարբերաբար շահարկվող Կարմիր շուկայի թեմային, շեշտել էր, որ նման խոսակցությունները որևէ հիմք չունեն։

Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրը գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում և 44 օրյա պատերազմի արդյունքում հայտնվել է շփման գծի մոտակայքում։