2 ապրիլի 2021 - 17:26 AMT
Պուտինն ու Փաշինյանը կանդրադառնան ԼՂ իրավիճակին և ՀՀ-ում ընտրական գործընացին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցին Մոսկվա, ասել է, որ երկու երկրի ղեկավարները կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում և ընտրական գործընացը ՀՀ-ում, ինչպես նաև կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։

«Այո, ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մոսկվա։ Տեղի կունենան նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-ասել է Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա, «առաջին հերթին քննարկվելու է Ղարաբաղում մարտական գործողություններին վերջ դրած եռակողմ հայտարարության իրագործումը»։ Պեսկովը հավելել է նաև, որ օրակարգում են «Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցերը, կարծիքների փոխանակում կլինի Հայաստանում մեկնարկած ընտրական գործընթացի վերաբերյալ, հայ-ռուսական գործակցության այլ ակտուալ հարցեր կքննարկվեն»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ ապրիլի 7-ին հանդիպում է նախատեսված Պուտինի հետ։ Դրանով պայմանավորված՝ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։