2 ապրիլի 2021 - 18:32 AMT
Շվեյցարացի պատգամավորներ․ Թուրքիան ԼՂ պատերազմում վարձկանների է ներգրավել

Շվեյցարիայի դաշնային խորհրդի 33 պատգամավոր հորդորել են իրենց երկրի կառավարությանը ճնշել Թուրքիային իր տարածքում, ինչպես նաև Հայաստանում, Սիրիայում, Լիբիայում և Իրաքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների փաստերով, փոխանցում է ANF News-ը։

Շվեյցարացի օրենսդիրներն արձանագրել են, որ ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել վարձկանների, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Պատգամավորները հիշեցրել են, որ Անկարան նույն կերպ գործել է նաև Լիբիայում։

Նրանք կոչ են արել կառավարությանը հետաձգել Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը, քանի դեռ այդ երկիրը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:

Պատգամավորները նշել են նաև, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը տանում է բռնապետության ուղով։

44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան Ադրբեջանին ռազմական աջակցություն է ցուցաբերել՝ ինչպես զենքի տրամադրման, այնպես էլ տարածաշրջան վարձկանների տեղափոխելով։