Ապրիլի 6-ին Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժությունները կմեկնարկեն։ Կապավորների համատեղ տակտիկական հատուկ զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 8-ը։
«Կապի արդիական միջոցների և կառավարման ավտոմատ համակարգերի կիրառմամբ զորավարժություններում կատարվելու են զորքերի փոխգործակցության, կառավարման դաշտային կետերի ծավալման կազմակերպման խնդիրներ»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության մեջ։
Չի նշվում, թե կոնկրետ որտեղ են անցկացվելու զորավարժությունները, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել տեղեկությունը, գրում է «Կոմերսանտը»։
Կապի զորքերի զորավարժություններին նախորդել են հատուկ նշանակության զորքերի համատեղ վարժանքները մարտի 29-ից մինչև ապրիլի 2-ը Թուրքիայի հարավ-արևմուտքում։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո երկու երկրի համատեղ զորավարժություններն ավելի հաճախակի են դարձել։
«Կոմերսանտի» աղբյուրների տվյալներով՝ Արցախում ռազմական գործողություններից մի քանի ամիս առաջ Ադրբեջանում հերթական թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո, «Ադրբեջանի տարածքում, իբր, Թուրքիայի ԶՈւ բավականին մեծ խմբավորում էր մնացել, որը կոչված էր համակարգող և ուղղորդող դեր կատարել ԼՂ-ում հարձակողական օպերացիայի ժամանակ»։
Թուրքիայի ներգրվվածությունն արցախյան վերջին պատերազմում զգալի է եղել ինչը բարձրաձայնել են տարբեր միջազգային կառույցներ, այդ մասին ասվում է նաև ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում։