Ադրբեջանցի զինվորակաները քարեր են նետել Կապանից Երևան շարժվող մեքենայի վրա, հայտնել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, փոխանցում է ArmDaily.am-ը։
«Դեպքը տեղի է ունեցել Կապանից գնալուց՝ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում։ Այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»,-ասել է Փարսյանը։
Կապանի քաղաքապետը նշել է, որ քարը չի դիպել մեքենային, այն չի վնասվել, սակայն ուղևորները վախեցել են։ Փարսյանը նշել է, որ ռուս սահմանապահները տեղեկացվել են միջադեպի մասին, «համապատասխան գործողություններ կատարել են և ավելի զգոն են իրականացնում իրենց ծառայությունը»։
44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ի համաձայնագրով հայկական կողմը որոշ զիջումների է գնացել Արցախում, ունեցել տարածքային կորուստներ։ Զիջումներ եղել են նաև ներկայիս ՀՀ տարածքների որոշ հատվածներում՝ ըստ ԽՍՀՄ քարտեզի, որով այժմյան Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերից հողակտորներ են մնացել ադրբեջանական կողմում։ Կապան-Երևան ճանապարհի մի հատվածը ևս անցնում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած հատվածով․ այդտեղ տեղակայված են ռուս սահմանապահներ։