«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մի շարք միջոցառումներ կանցկացնի 2021 թ. ապրիլին՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին, ճանաչման արժանացնելու «Ավրորայի» հերոսներին և իր հետագա նպաստը բերելու Արցախում մարդասիրական ճգնաժամի հաղթահարմանը:
2021-ի ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, ծաղիկներ կդնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ի հիշատակ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության նահատակների:
Նույն օրը Մատենադարանում հատուկ միջոցառման ընթացքում կհայտարարվեն 2021-ի«Ավրորայի» հերոսները:
Ավանդույթի համաձայն՝ նրանց անունները կարձանագրվեն նաև 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագրում, որն ամփոփում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարեգրությունը:
Ապրիլի 25-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի կունենա Aurora Dialogues «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկում: Այն կհամախմբի նախաձեռնության «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերներին, տեղական և սփյուռքի կազմակերպությունների, հիմնադրամների, Արցախի պետական մարմինների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Միջոցառմանը կկազմակերպվեն առողջապահության, կրթության և մշակույթի, տնտեսական զարգացման և սոցիալական թեմաներով աշխատարաններ:
Մասնակիցներին հնարավորություն կընձեռվի քննարկումների միջոցով անդրադառնալ 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, հստակեցնել առաջնային կարիքները, փոխանակել արտակարգ իրավիճակում գործելու լավագույն փորձը և համադրել մարդասիրական ջանքերը՝ արդյունավետ փոխգործակցության նպատակով:
«Ավրորան՝ Արցախին» ծրագրի մեկնարկից ի վեր նախաձեռնությունն արդեն մոտ 1.7 միլիոն դոլար է հատկացրել՝ աջակցելով տեղական և միջազգային գործընկերների կողմից իրագործվող 75 նախագծի, և մտադիր է ընդլայնել գործունեությունը:
«Ավրորա» մրցանակի համար առաջադրումների փուլն ընթացել է 2020 թ. ապրիլի 24-ից մինչև 2020 թ. հոկտեմբերի 31-ը: Ստացված hարյուրավոր հայտերից 585-ը եզակի թեկնածուներ էին: