7 ապրիլի 2021 - 11:15 AMT
Ադրբեջանին անցած տարածքում ականի վրա 2 ադրբեջանցի զինվոր է պայթել

44-օրյա պատերազմի հեևանքով Ադրբեջանին անցած Արցախի տարածքում 2 ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա։ Նրանք վիրավորվել են։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գրում է Moscow Baku-ն։

«Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 6-ին Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքում անհետ կորածների որոնողական աշխատանքների ժամանակ։ Հակահետևակային ական է պայթել։ Զինծառայողներ Պյունհան Ալիևն ու Բահթիյար Իգարօղլուն միջադեպի հետևանքով վիրավորումներ են ստացել»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում ականների պայթյունների բազմաթիվ դեպքեր են եղել, որոնց հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ կամ քաղաքացիական անձինք են վիրավորվել կամ մահացել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ կոչ էր արել իր երկրի բնակիչներին դեռևս զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, քանի դեռ այնտեղ չի ավարտվել ականազերծման գործընթացը։