7 ապրիլի 2021 - 11:53 AMT
Թուրքիան մանկահասակ վարձկանների է ուղարկել Ադրբեջան՝ ԼՂ դեմ պատերազմելու

Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ապստամբ խմբավորումները մանկահասակ մարտիկներ են հավաքագրում և ուղարկում Լիբիա և Ադրբեջան՝ Թուրքիայի դաշնակից ուժերի կողմից կռվելու համար, փոխանցում է Ahval-ը։

Նման տվյալներ է հայտնել Ֆաժր Մաալիքի անունով սիրիացի նախկին վարձկանը։ Մաալիքին 13 տարեկան է եղել, երբ անդամագրվել է Թուրքիայի հովանավորության տակ գործող «Սիրիական ազատ բանակին» (այժմ՝ «Սիրիական ազգային բանակ»)։

«Պետք է պարզ լինի, որ երբ Թուրքիան «Սիրիական ազգային բանակը» ուղարկեց Ադրբեջան (աջակցելու ադրբեջանական ուժերի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի դեմ 2020 թ. սեպտեմբերին), նրանց մեջ նույնպես երեխաներ կային: «Սիրիական ազգային բանակում» պարզապես վարձկաններ են Թուրքիայի համար: Թուրքիայի նախագահ Էրդողանը մեզ ուղարկել է Լիբիա և Ադրբեջան: Երիտասարդ սերունդը, նրանք, ովքեր դեռ երեխաներ էին պատերազմի սկսվելու ժամանակ, անգրագետ են, անկիրթ և միամիտ: Կարծում եմ ՝ նրանք կմնան Թուրքիայի ստրուկը», - ասել է Մաալիքին:

Նա հայտնել է, որ Թուրքիան 2018-ին Աֆրինի գործողության համար երիտասարդ տղամարդկանցից բացի՝ սկսել է հավաքագրել նաև երեխաների։ Այդ գործողության ժամանակ Թուրքիան օդային ու ցամաքային հարվածներ էր հասցրել քրդերի կողմից վերահսկվող անկլավին։

Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ օժանդակելով մարդուժով, զինտեխնիկայով։ Այդ երկիրը տարածաշրջան է բերել ահաբեկիչ-վարձկանների։