7 ապրիլի 2021 - 16:06 AMT
Young Turks լեյբլը փոխել է անունը՝ Ցեղասպանության կազմակերպիչների հետ ասոցացվելու պատճառով

Բրիտանական անկախ երաժշտական լեյբլ Young Turks-ը (Երիտասարդ թուրքեր) փոխել է իր անունը՝ հանելով Turks բառը (թուրքերը) և թողնելով միայն Young-ը, քանի որ այդ անվանումն ասոցացվում է 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքերի հետ, այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է լեյբլի հիմնադիր Կայուս Պոուսովը։

Նա նշել է, որ որոշումն ընդունվել է երկարատև քննարկումների արդյունքում և հիշեցրել, որ լեյբլի անունը տրվել է Ռոդ Սթյուարտի՝ 1981-ին թողարկված «Երիտասարդ թուրքեր» հիթի պատվին։ Նրա խոսքով՝ այդ անվանումը 2005-ին «իդեալական էր արտահայտում, այն, թե ով են իրենք»։

Պոուսովը խոստովանել է, որ այդ ժամանակ լեյբլի հետ կապ ունեցողները չեն իմացել տերմինի ամբողջ նշանակությունը և տեղյակ չեն եղել, որ երիտթուրքերն են իրականացրել 1915-ի Հայոց ցեղասպանությունը։ Նրա խոսքով՝ իրենք գիտակցում են, որ այդ անվանումը «մարդկանց համար ցավի աղբյուր է»։

Լեյբլի հիմնադիրն իրենց որոշումը ճիշտ է անվանել ու նշել, որ ապրիլի 24-ին ընդառաջ Լոնդոնի հայկական համալսարանին նվիրատվություն է արել։

Անվանման փոփոխությունը վերաբերել է նաև Young-ի մյուս կազմակերպություններին՝ արդեն Young Artists-ին ու Young Songs-ին։