Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել մեծ բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ՝ ցավակցելով նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և ընդհանրապես յուրաքանչյուր հայի:
«Խոր վշտով տեղեկացա մեծանուն ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան մասին: Անգնահատելի է Հովնանյանի դերը Հայաստանի ու Արցախի զարգացման և կառուցման գործում:
Հովնանյանի ջանքերով իրականացվել են տասնյակ ծրագրեր, որոնք միտված են եղել աղետի գոտու վերականգնմանը, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը, մեր ժողովրդի բազմաթիվ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, արտերկրում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությանը: Անվանի բարերարը ընդմիշտ կմնա որպես հայ ժողովրդի արժանի զավակ, ում գործունեությոնը միտված է եղել հայրենիքի առաջընթացին ու շենացմանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանի ընտանիքին:
«Հովնանյանի անմիջական հովանավորությամբ ու գործուն մասնակցությամբ Արցախում իրականացվել են կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր, որոնց շնորհիվ լուծվել են կարևորագույն խնդիրներ կրթության, գիտության, առողջապահության և այլ ոլորտներում: Անգնահատելի է նրա ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում:
Արցախի Հանրապետության բարօրությանն ուղղված բացառիկ ծառայությունների համար Հրայր Հովնանյանն արժանացել է պետական բարձր պարգևների:
Անդառնալի կորստի այս ծանր պահին Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով: Հրայր Հովնանյանի կյանքն ու գործը հայրենասիրության վառ օրինակ է, որը հավերժ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ»,-ասվում է ուղերձում:
Ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը կյանքից հեռացել է 91 տարեկանում։