10 ապրիլի 2021 - 13:16 AMT
Արցախի նախագահի մոտ քննարկվել են հետպատերազմյան իրավական որոշ խնդիրների հնարավոր լուծումներ

Արցախի` Պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի հերթական նիստին քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ տեղահանված անձանց բնակարանային ապահովումը, փոխանցում են ԱՀ նախագահի աշխատակազմի։

Առաջարկվել է նախատեսել տեղահանվածների համար բնակֆոնդի վարձակալման պայմանների խախտման դիմաց պատասխանատվության, ինչպես նաև պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի հարկադիր օգտագործման միջոցներ:

«Շահագրգիռ քննարկումներ են ծավալվել նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին սոցիալական աջակցություն տրամադրելու, տեղահանվածների աշխատանքային ստաժի վերականգնման, քաղաքացիական զոհերի ու բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակների հարցերի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Խորհրդի հավանությանն արժանացած նախագծերը օրենքով սահմանված կարգով ընթացք են ստանալու։: