10 ապրիլի 2021 - 15:52 AMT
The Halo Trust-ը շարունակում է աշխատել Արցախում․ Պայթեցումներ կլինեն

Ապրիլի 10-ին The Halo Trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

ԱԻՊԾ սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում:

Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի տեղում:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում են չանհանգստանալ:

Ավելի վաղ The Halo Trust բրիտանական կազմակերպությունը հերքել էր լուրերը, թե պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել: Կազմակերպության կողմից Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզները թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու մասին հայտնել էր Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ Նրա խոսքով՝ քարտեզների փոխանցման պատճառով պատերազմի ընթացքում հակառակորդը կարողացել է բարեհաջող անցնել ականապատված տարածքներով։ Արցախի Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել The Halo Trust-ի վերաբերյալ քրեական գործը։

The Halo Trust-ը 2000 թվականից աշխատում է Լեռնային Ղարաբաղում, որտեղ ականազերծել է մոտ 500 ականապատված տարածք։