14 ապրիլի 2021 - 15:00 AMT
Հակոբյանն ու Գասպարյանը արձագանքել են իրենց հասցեին Փաշինյանի հայտարարություններին

Զինված ուժերի ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պնդում է, որ պատերազմի 4-րդ օրն ասել է իշխանություններին, որ այն պետք է կանգնեցնել։ Նա այդպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ-ում հնչեցրած արտահայտությանը, թե նոյեմբերի 17-ի իր հայտարարությունը, որ անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։

Գասպարյանն ասել է, որ «այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել», տեղեկացնում է ArmLur.am-ը։

«Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, և օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են գցում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ամբողջ իրականությունը»,- ասել է նա։

Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, gեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հետևել է վարչապետի ելույթին, սակայն չի ցանկացել արձագանքել, միայն ասել է․ «Հիվանդ, ստախոս մարդ է», գրում է Aysor.am-ը։

«Հիվանդ է, ես չեմ կարող նրա հիվանդություններն ախտորոշել, այդ մասնագիտությունը չունեմ, վաղն էլ կարող է մի ուրիշ բան մտածի»,- նշել է նա։

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, թե Մովսես Հակոբյանը փորձել է հանձնել յոթերորդ պաշտպանական շրջանը, սակայն ինքը կայացրել է որոշում, որի արդյունքում յոթերորդ պաշտպանական շրջանը մնացել է զինված ուժերի տրամարդրության տակ։