23 ապրիլի 2021 - 15:49 AMT
ԱԽ քարտուղար․ Ամեն ինչ կարվի դիվանագիտական ճանապարհով ԼՂԻՄ օկուպացված տարածքները վերադարձնելու համար

Հայկական կողմն ամեն ինչ կանի նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) օկուպացված տարածները դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու համար։ Այդ մասին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Ինչ վերաբերում է տարածքներին, կարծում եմ՝ դուք գիտեք, որ ԼՂԻՄ տարածքը, որոշակի սահմաններով, ճանաչված է միջազգային հանրության կողմից, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ օկուպացված տարածքները», - ասել է Գրիգորյանը:

Նա հավելել է, որ ԼՂ հակամարտությունը վերջնական կարգավորված չէ և դա չի կարելի անել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ։

«2020թ․ աշնանը գնալով ագրեսիայի, Ադրբեջանը խախտեց կարգավորման 3 հիմնարար սկզբունքից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ հարցում հայկական կողմի հետ համակարծիք է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի վերջին հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ կարգավորումը պետք է ընթանա «կողմերին լավ ծանոթ սկզբունքների և տարրերի հիման վրա»։

2020թ․ նոյեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կասեցման մասին։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին և Հադրութը։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։