23 ապրիլի 2021 - 18:34 AMT
Քոչարյան. Պաշտոնավարմանս 10 տարում ամենաքիչ զոհերն ենք ունեցել շփման գծում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպմանը հիշեցրել է, որ նրա պաշտոնավարման 10-ը տարին ամենախաղաղ տարիներն էին։

«Ամենից քիչ զոհերն ենք ունեցել շփման գծում։ Սա փաստ է», - ասել է նա։

Նա նշել է, որ երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնից հեռանալիս ասաց, որ «խաղաղության կուսակցությունը գնում է, պատերազմի կուսակցությունն է գալիս», հավանաբար, անկեղծ հավատում էր դրան, բայց կյանքը ցույց տվեց, որ հաջորդ տարիներն ամենախաղաղը եղան։

«Բայց եղավ ճիշտ հակառակը, մենք ունեցանք ամենախաղաղ 10-ը տարին Հայաստանում, ամենից քիչ զոհերը», - ասել է նա։

Քոչարյանն ասել է նաև, որ մտադիր է ոչ միայն արժանապատիվ խաղաղություն հաստատել, այլև բարեկեցիկ կյանք։

«Տասը տարվա ընթացքում ապացուցել ենք, որ երկիրը կարող է զարգանալ Ղարաբաղի հետ միասին, և սա նույնպես փաստ է», - հավելել է նա։

Անդրադառնալով ընտրություններին՝ Քոչարյանն ասել է, որ լինելու է ընտրություն 2 պարզ բևեռի միջև՝ «ուզո՞ւմ ենք ստորացված, անարժանապատիվ, թշվառ ապագա, թե՞ ուզում ենք խաղաղություն ու բարեկեցիկ կյանք»։

«Սա է լինելու ընտրությունը»,- ասել է ՀՀ երկորրդ նախագահը՝ ընդգծելով, որ անելիքները շատ-շատ են, «քանի որ տնտեսական վիճակը շատ վատ է»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին երկրում կայանլու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին։