24 ապրիլի 2021 - 18:41 AMT
Մակրոն․ Միասին ենք պայքարելու ժխտողականության, ատելության և բռնության դեմ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում՝ նշելով, որ ֆրանսիացիները հայերի հետ միասին պայքարելու են ժխտողականության, ատելության և բռնության դեմ։

«Ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը՝ մենք չենք մոռանա: Մենք միասին պայքարելու ենք ժխտողականության, ատելության, բռնության դեմ: Ֆրանսիացի և հայ ժողովուրդներն ընդմիշտ կապված են միմյանց հետ»,-ասվում է գրառման մեջ:

Մակրոնը նաև լուսանկար է հրապարակել՝ Փարիզում տեղադրված Կոմիտասի արձանի մոտ։

Մակրոնը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հղած նամակում գրել էր, որ իր բոլոր մտքերն ուղղված են պատմության զրկանքները կրած Հայաստանին։

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը: Երևանում է նաև Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ժան-Բատիստ Լըմուանը։