29 ապրիլի 2021 - 13:54 AMT
Covid-19-ի 3 նոր դեպք՝ Արցախում․ Վերջին 6 ամսում առաջին անգամ նաև մահ է գրանցվել

Ապրիլի 28-ին Արցախում կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Գրանցվել է նաև մահվան 1 դեպք, որը վերջին 6 ամսվա ընթացքում առաջինն է։ Հիվանդը 60-ամյա կին էր, մահացել կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) հետևանքով։

Ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6405 քաղաքացու հետազոտություն, որից 780-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2664 դեպք: Կատարվել է 23,860 թեստավորում:

Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանների կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: