30 ապրիլի 2021 - 10:39 AMT
«Սպուտնիկ V»-ի առաջին մեծ խմբաքանակը հասել է Արցախ

Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ռուս-հայկական Լազարևյան ակումբին և անձամբ ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որոնց շնորհիվ առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ։ Համավարակի տարածումը զսպելու գործում սա մեծ աջակցություն է պատերազմի հետևանքները հաղթահարող Արցախի համար»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուս-հայկական «Լազարյան ակումբը» կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակն է ուղարկել Արցախի բնակչության պատվաստման համար։Ապրիլի 26-ին Մոսկվայից Երևան 7500 կրկնակի դեղաչափ «Սպուտնիկ V» է ուղարկել արցախցիների համար, որոնք գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանտվության գոտում։ Ակցիային աջակցել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը։