Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ իտալական ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ազատ գործակալի կարգավիճակով, տեղեկացրել է Calciomercato-ն։
Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստը մինչև հիմա չի երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը։ Գործող պայմանագրով, այն կարող է երկարաձգվել, եթե ֆուտբոլիստը մասնակցել է 25 խաղի մեկ մրցաշրջանում։ Բայց Հենրիխ Մխիթարյանն ու նրա գործակալ Մինո Ռայոլան հապաղում են, քանի որ ցանկանում են «Ռոմայի» ղեկավարությունից հետագա զարգացման հստակ ծրագիր ստանալ, գրում է Championat.com-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: 2019-ին Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց իտալական «Ռոմա», իսկ մեկ տարի անց լիարժեք պայմանագիր կնքեց ակումբի հետ: 2007-ից Մխիթարյանը նաև Հայաստանի ազգային հավաքականի անդամ է։