12 մարտի 2009 - 15:26 AMT
Գրիգորիս Բալակյանի «Հայկական Գողգոթան» գիրքը հրատարակվել է անգլերեն լեզվով
Գրիգորիս Բալակյանի Հայոց ցեղաասպանության մասին լավագույն գրքերից մեկը` «Հայկական Գողգոթայի» անգլերեն թարգմանությունը հրատարակվել է ԱՄՆ-ում: Շնորհիվ Պիտեր Բալաքյանի եւ Արիս Սեւակի թարգմանության մարտի 31-ից ԱՄՆ-ի անգլալեզու ընթերցողները կկարողանան ձեռք բերել 20 դարի առաջին ցեղասպանության զոհերից եւ վկաներից մեկի հիշողությունները:

«Հայկական Գողգոթան» գրքում նկարագրվում են 1915թ. ապրիլի 24-ին Կոնստանդինոպոլսում ձերբակալված 250 հայ մտավորականներից մեկի` հայ քահանայի կյանքի չորս տարիները, որին հարյուր հազարավոր այլ հայերի հետ աքսորեցին Սիրիայի անապատները: Իր գրքում Բալակյանը նկարագրել է մահվան արյունոտ քարավանում հայտնված մարդկանց, որոնցից շատ քչերը վերապրեցին:

Օսմանյան կայսրության հայ մտավորականության առաջատար դեմքերից մեկը, Գրիգորիս Բալակյանը ծնվել է 1876 թվականին: Կրթություն ստանալով Օսմանյան կայսրությունում եւ Գերմանիայում` նա 1901 թվականին ձեռնադրվեց որպես Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ Եվրոպայում ու Ռուսաստանում: Բալակյանը մի շարք գրքերի հեղինակ է, որոնք 1915 թվականին առգրավվեցին եւ ամբողջությամբ ոչնչացվեցին թուրքական կառավարության կողմից: Փրկվելով ցեղասպանությունից` Բալակյանը դարձավ հարավային Ֆրանսիայում Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս:

Գրքի թարգմանիչներից մեկը Գրիգորիս Բալակյանի ազգական, հայտնի ամերիկահայ գրող եւ բանաստեղծ Պիտեր Բալակյանն է: Նա հայտնի է իր «Այրվող Տիգրիս` Հայոց ցեղասպանությունն ու Ամերիկայի պատասխանատվությունը» գրքով, որի համար 2005 թվականին նա ստացավ Ռաֆայել Լեմկինի անվան մրցանակը: