11 մայիսի 2021 - 10:38 AMT
Ալիևը կրկին հայտարարել է, թե ԼՂ հարցը «կարգավորված է»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը «կարգավորված է»:

«Պատերազմից հետո ես բազմիցս եմ ասել և հիմա էլ ուզում եմ կրկնել, որ ղարաբաղյան հակամարտութունը կարգավորված է։ Ադրբեջանն ինքնուրույն լուծեց այդ հարցը՝ և մարտի դաշտում, և բանակցությունների սեղանի մոտ»,- ասել է նա պետական AzTV-ի եթերում, տեղեկացնում է Interfax-ը։

Ըստ նրա՝ «Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ տարածքային միավորում չկա»։

«Հակամարտությունը լուծված է և ես կարծում եմ, որ այդ հարցին վերադառնալու անհրաժեշտություն չկա։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, ապա դա իր խնդիրն է»,- ասել է Ալիևը։

Ալիևը Նախիջևանում ռազմական օդանավակայան է բացել, ինչպես նաև Նախիջևանի միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղին։ Մայիսի 10-ին մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցն Ադրբեջան։ Քննարկվելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։