12 մայիսի 2021 - 11:05 AMT
Freedom House․ Բաքուն պարտավոր է հայ գերիների մասին տեղեկություն տրամադրել և գործակցել ՄԻԵԴ-ի հետ

Freedom House-ը հայտարարություն է տարածել, արձագանքելով Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին հաղորդագրություններին՝ նշելով, որ հրադադարից մի քանի ամիս անց մոտ 200 հայի ճակատագիրը, որոնք ենթադրաբար գերեվարված են, անհայտ է։

Նշվում է, որ Բաքուն պարտավոր է համագործակցել ՄԻԵԴ-ի հետ և տեղեկատվություն տրամադրել հայ գերիների մասին

Նշվում է նաև, որ գերիների վերադարձի մասին դրույթ կա Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ։

«Մենք խորապես մտահոգված ենք վերջին զինված հակամարտությունից հետո հաղորդագրություններով Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունքի, այդ թվում՝ խոշտանգումների մասին հաղորդագրություններով»,-ասել է Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրեի գծով տնօրեն Մարկ Բերենդտը։

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հետ՝ ձերբակալված հայերի հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունների հետաքննության առումով, անկախ նրանց կարգավիճակից, և դեռևս կալանքի տակ մնացողների համար ապահովել միջազգային հումանիտար նորմերի և իրավունքի պահպանում, այդ թվում՝ խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից, ինչպես նաև տվյալներ ներկայացնել նրանց հայրենադարձության վերաբերյալ։

Որպես Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան ստորագրած երկիր Ադրբեջանը պարտավոր է ամբողջ ծավալով համագործակցել ՄԻԵԴ հետ և տրամադրել ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ նպաստելու համար այդ լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանում գտնվող հայ ձերբակալվածների ճակատագիրը պարզելու համար: Մարտին ՄԻԵԴ-ը 188 հոգու համար ընդունել էր միջանկյալ միջոցներ, ուղղված անհատն պաշտպանությանը, քանի դեռ քննությունն ընթացքի մեջ է: ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է տրամադրել ձերբակալվածների վերաբերյալ բժշկական տեղեկություններ, տեղեկատվություն նրանց պահման պայմանների և նրանց նախատեսվող հայրենադարձության մասին: