Hexact տեխնոլոգիական ընկերությունն իր մշակած Hexowatch գործիքը ներկայացրել է AppSumo-ում և դարձել այդ հարթակում լավագույն արշավներից մեկի հեղինակը:
AppSumo-ն SaaS ծրագրերի վաճառքի (կամ lifetime deal- անժամկետ առաջարկների) ամենամեծ հարթակն է, որն օրական միայն մեկ արշավի մեկնարկ է տալիս: Ընտրվելու համար ընկերությունները խիստ չափորոշիչների համապատասխանության փուլ են անցնում:
AppSumօ-ում Hexact-ի «անժամկետ առաջարկի» արդյունքում ավելի քան 400,000 դոլարի վաճառք է գրանցվել, որից ավելի մեծ հաջողություն ընդամենը մի քանի պրոդուկտ է ունեցել:
«Բիզնես հրեշտակներն ու վենչուրային հիմնադրամներն անհրաժեշտ են ստարտափի զարգացման համար, բայց կան նաև այլընտրանքներ: Սա հենց այդպիսի case study է, որը միջոցներ ներգրավելու և հաճախորդների պահանջները հասկանալու շատ լավ տարբերակ է ստարտափների համար»,- նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:
AppSumօ-ն ամսական 2-3 միլիոն այցելու ունի, որոնք արշավի ընթացքում Hexowatch գործիքը գնահատել են որպես «ժամանակ խնայող», «անսահման հնարավորություններ տվող», «լավագույնը բիզնեսի համար» և այլ ձևակերպումներով:
«Իհարկե, այս հարթակում ներկայանալու համար մեծ ջանքեր են պահանջվում, սակայն դրան հասնելը բոլորովին անհնար չէ և փողից բացի, լրացուցիչ արժեքներ է բերում. միլիոնավոր օգտատերեր իմանում են քո պրոդուկտի մասին, համացանցը լցվում է պրոդուկտը ներկայացնող հոդվածներով ու տեսանյութերով, ձեռք ես բերում բազմաթիվ brand-advocate-ներ և ամենակարևորը՝ իմանում ես ինչ ուղղությամբ կատարելագործել պրոդուկտը»,- նշել է Ստեփան Ասլանյանը:
Hexact տեխնոլոգիական ընկերությունը hիմնադրվել է 2019թ., ԱՄՆ-ում: Ընկերության հայ հիմնադիրները հենց նույն տարում գրասենյակ են բացել նաև Հայաստանում: Hexact-ի պրոդուկտների ծրագրային ապահովումն ու զարգացումը հիմնականում իրականացնում են հայաստանցի մասնագետները: Hexact-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ տվյալների հավաքագրում, վերլուծություն և պրոցեսների ավտոմատացում։ Գործունեության երկրորդ տարին ընկերությունն ամփոփել է 15,000 ակտիվ օգտատերով՝ 135 երկրից։ Ստարտափն 2020-ին հավաքագրել և վերլուծել է 22.5 տերաբայթ տվյալ և 8,2 միլիոն դոմեյն։