13 մայիսի 2021 - 15:15 AMT
Փալոուն․ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման համար

Ադրբեջանը հիմա էլ Հայաստան է ներխուժել, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման համար։

«Ադրբեջանը հիմա էլ Հայաստան է ներխուժել, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է: ԱՄՆ-ն պետք է աներկբա դատապարտի այս հարձակումը և օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների վրա` Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման համար»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ՀՀ Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Photo. Getty Images