21 մայիսի 2021 - 15:58 AMT
ՊՆ․ Տեսանյութերի պատճառով Սև լճի մոտ հայերը և ադրբեջանցիները վիճել են

Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից։ Դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի ավելացմանը։

Նշվում է, որ մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈu կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։

«Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ Հայկական ԶՈւ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ չնայած Հայաստանի տարածքը լքելու վերաբերյալ հայկական կողմի պահանջին, ադրբեջանցիները մայիսի 20-ին առաջացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ հավելելով, որ նրանց թիվը մոտ 30 է։