21 մայիսի 2021 - 16:50 AMT
Զախարովա․ ՌԴ-ն կողմ է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ գործուղմանը ԼՂ

Ռուսաստանը կողմ է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ գործուղմանը Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է ՌԴ արձագանքը, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամի, Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի վանդալիզմին։

Ադրբեջանի իշխանություններն այսպես կոչված վերանորոգման աշխատանքների պատրվակով հեռացրել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը՝ նպատակ ունենալով խեղել եկեղեցու հայկական դիմագիծը։ Բաքուն նաև Արցախի հայկական եկեղեցիների «աղվանացման» հակագիտական թեզն է առաջ տանում։

«Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների պատմամշակութային ժառանգության պահպանման թեման քննարկվում է պաշտոնական Բաքվի և Երևանի հետ մեր բոլոր շփումներում։ Մասնավորապես, այդ հարցը շոշափվել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ՀՀ և Ադրբեջան այցի ժամանակ։ Հանդես ենք գալիս տարածաշրջան ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ գործուղման օգտին։

Աշխատում ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,-ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության մեջ կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը դասվել է այն հարցերի շարքին, որոնք լրացուցիչ ջանքեր են պահանջում Ադրբեջանից և ՀՀ-ից։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ ասվում է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել վերացնելու համար Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները, այդ թվում միջազգային հումանիտար կազմակերպությունների համար, ապահովել կրոնական և պատմամշակութային ժառանգության պաhպանումը։