27 մայիսի 2021 - 14:38 AMT
ՊՆ․ Տավուշում կրակոցներ չեն եղել, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկը կրակային վարժանք է արել

Տավուշի մարզում հակառակորդի կողմից արձակված կրակահերթերի մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, պարզաբանել են ՊՆ-ից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նախարարությունից հավելել են նաև, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկն այդ ընթացքում ուսումնական կրակային վարժանք է անցկացրել:

Wargonzo նախագծի տելեգրամյան ալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Տավուշի Բերդ քաղաքի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին, փոխհրաձգություն է եղել, կրակոցներ են լսվել նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղի շրջանում:

Ավելի վաղ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հաստատել էր լուրը, թե հակառակորդը կրակոցներ է արձակել Չինարիում: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը, սակայն, ասել էր, թե որևէ կրակոց չկա, գյուղում իրավիճակը հանգիստ է։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։