27 մայիսի 2021 - 18:03 AMT
Ծնողներ․ Քանի գերիները չեն վերադարձվել, որևէ ուժի քարոզարշավի համար Շիրակ մտնել չենք թողնի

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները հայտարարել են, որ քանի դեռ գերիները չեն վերադարձվել, թույլ չեն տա որևէ քաղուժի քարոզարշավի նպատակով մտնել Շիրակի մարզ:

Շիրակի մարզպետարանում ճեպազրույցի ժամանակ նրանք նշել են, որ քարոզարշավի համար մարզ մեկնողների մուտքը փակ կլինի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի համար, գրում է Sputnik Արմենիան։

«Իմ քայլից» կամ ընդդիմությունից ոչ մեկը չփորձի մտնել Շիրակի մարզ: Եթե իմացանք` գալիս եք, ձեր մուրը՝ ձեր գլուխը: Գնացե՛ք, երեխեքին բերեք, նոր եկեք, էդ ժամանակ ձեր կողքին կկանգնեք»,- ասել է գերի ընկած տղաներից մեկի հայրը:

Բոլորը պնդել են` մարզում քարոզարշավ չի լինի, մինչև տղաները Բաքվից չվերադառնան:

«6 ամիս է` սպասում ենք, մինչև այսօր յուրքանչյուր խոստումին հավատացել ու լսել ենք, ու դատարկ նստել: Հիմա արգելում ենք ցանկացած քարոզարշավ մարզում ու պատրաստ ենք ամենավերջին քայլին»,- վստահեցրել են նրանք:

Շիրակցի գերիների հարազատներն անդրադարձել են նաև մայիսի 27-ին գերեվարված զինծառայողներին։

«Բնականաբար, պիտի գերիներ ունենայինք։ Համախմբվելու, մեկ բռունցք դառնալու փոխարեն աթոռակռվի մասին ենք մտածում»,– նշել են նրանք:

Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 10–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին, Խծաբերդում։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։