2 հունիսի 2021 - 17:28 AMT
ԵՄ դեսպանը Մեղրիում քննարկել է սահմանային անցակետի արագ կառուցման հարցը

Սյունիքի մարզ այցելության երկրորդ օրը ԵՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Մեղրիում էր: Հայ-իրանական պետական սահմանին դեսպանը հանդիպել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները։

Դեսպան Վիկտորինն ընդգծել է փոխկապակցվածությանն ուղղված այս առանցքային ծրագրի կարևոր նշանակությունը ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի և ՀՀ քաղաքացիների համար, տեղեկացնում է Եվրամիության հասյատանյան գրասենյակը։

Կողմերը համաձայնել են հնարավորինս արագ սկսել անցակետի կառուցապատման աշխատանքները։

Սյունիքի մարզ կատարած այցի առաջին օրը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն Գորիս քաղաքում էին` հանդիպելու գործընկերների և քաղաքացիների հետ և գնահատելու մարդասիրական իրավիճակը տեղում։ Քննարկվել են զարգացմանն ուղղված համագործակցության ընդլայնման հեռանկարները։