4 հունիսի 2021 - 17:17 AMT
ՄԻԵԴ-ն Ադրբեջանի միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն

Հունիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել միջպետական նոր գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների՝ ՀՀ կողմից տրամադրելու պահանջին:

Եվրոպական դատարանն Ադրբեջանի կողմից ներկայացված այս միջպետական գանգատը դիտարկել է որպես հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան: Այսպիսով, ՄԻԵԴ-ը քննարկվող միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ, ասվում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։

Իր հերթին, ՀՀ կառավարությունը 2021թ․ մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները և կցելով նոր ապացույցներ:

Ինչ վերաբերում է միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին՝ այդ մասով Եվրոպական դատարանն Ադրբեջանի կառավարությանը հայտնել է, որ դեռևս մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ: Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել: