ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Մուսինյանը հայտարարել է, որ երկրում առաջնահերթ է պետական համակարգի կառավարելիության ապահովումը։
«Եթե Հայաստանում մենք չձեռնարկենք մի շարք հրատապ քայլեր, ապա մեր ձեռքերը կապված են լինելու մեր ծրագրի անվտանգության միջոցառումներն իրականացնելու հարցում»,-ասել է նա՝ հավելելով, որ գործող իշխանության քայլերի շնորհիվ մենք ունենք կազմալուծված պետական համակարգ, որի մի մասն է կազմում նաև ուժային, անվտանգային համակարգը․ տեղեկացնում է Panorama.am-ը։
«Այսօր, եթե նույնիսկ ընդունվում են խելամիտ որոշումներ, այդ համակարգի խաթարված, ջարդված լինելը թույլ չի տալիս դրանք իրականացնել։ Թեև պետք է անկեղծ լինենք ու ասենք, որ թե նախապատերազմյան, թե պատերազմական, թե հետպատերազմյան շրջանում այս կառավարությունն այդպես էլ ունակ չեղավ մի խելամիտ որոշում կայացնել»,-ասել է նա։
Մուսինյանը խիստ կարևորել է նաև ներքաղաքական կայունությունն ու հասարակության շրջանում համերաշխության ծիլեր գցելը։
«Դա կլինի ամուր թիկունք հաջորդ իշխանությունների համար աշխարհի, հարևանների, հակառակորդների, բարեկամների և չարակամների հարաբերություններում ավելի ուժեղ զգալու»,-նշել է նա։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։