8 հունիսի 2021 - 14:26 AMT
Փաշինյան․ Մի դեպք է եղել, երբ գերու մասին ասել եմ՝ վաղը կվերադառնա, բայց հետ չի եկել

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Արագածոտնում նախընտրական հանդիպման ժամանակ ասել է, թե ընդդիմությունը շատ է շահարկում իր հայտարարությունը, որ գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի գերության մեջ մնան, բայց չեն ների, եթե անհամաչափ զիջումների գնանք։

«Պետք է նշեմ, որ եթե մեր գերիները վերադարձած լինեին 1-2 ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին։ Եթե, օրինակ, նրանք բոլորն ապրիլին վերադարձած լինեին, միևնույն է, էլի 1-2 ամիս ուշացումով էին վերադառնալու»,-ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ շատ զգուշավոր է գերիների հարցում ժամկետներից խոսելիս, քանի որ մի դեպք է եղել, երբ ասել է, որ հաջորդ օրն այստեղ կլինի գերին, ու չի եղել։

«Ասել եմ` վաղը էստեղ կլինի, քանի որ եղել են բոլոր պայմանավորվածություններն ու հավաստիացումները, բայց չի եկել։ Ինձ համար դա դաս է եղել, որ այլևս ժամկետ չասեմ, որ սուտ դուրս չգամ․․․ Երբ ժամկետը գալիս, անցնում է, մարդկանց աչքերի մեջ ուղղակի հնարավոր չի լինում նայել»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է հետևողական պայքարել, որ գերիները ժամ առաջ, օր առաջ վերադառնան։

Փաշինյանն ավելի վաղ, Արմավիրում քարոզարշավի ժամանակ անդրադառնալով գերիների հարցին, ներողություն էր խնդրել, որ մինչ օրս այդ հարցը լուծված չէ և հայտարարել էր, որ գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի մնան Բաքվի բանտերում։ «Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը»,-ասել էր Փաշինյանը։