11 հունիսի 2021 - 13:06 AMT
Չնայած ԿԸՀ-ի որոշմանը՝ Արզաքանցյանը շարունակում է քարոզարշավը

Դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանը շարունակում է հանդիպումներն ընտրողների հետ, թեև ԿԸՀ-ն չի գրանցել նրա թեկնածությունը։ Այդ մասին ասվում է «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

Կուսակցության ներկայացուցիչներն Արարատի մարզում հանդիպել են Արտաշատի, Արարատի, Վեդիի և Մասիսի ընտրողների հետ։

«Քարոզարշավի ամբողջ ընթացքում համակիրներն ուղղել են իրենց հուզող հարցերը կուսակցության ներկայացուցիչներին` վերջիններս էլ խոստացել են ոչ միայն խոսքով, այլև գործով ապացուցել, որ մեր երկրում ամեն լավ բան դեռ առջևում է»,-ասվում է գրառման մեջ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահի գրանցումը։ Նա չի մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Նրա ներկայացրած փաստաթղթերում անճշտություններ են հայտնաբերվել։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։