14 մարտի 2009 - 19:32 AMT
Հայաստանի ԱԳՆ դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ չի փոխվել
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, մարտի 11-ին Փարիզում` Միջազգային դիվանագիտական ակադեմիայում, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը Երեւանում հնարավորություն տվեց սկսելու բանակցությունները: «Բանակցություններն արձագանքում են երկու երկրների ժողովուրդների շահերին եւ ուղղված են ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այլեւ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովմանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: Եթե Հայաստանն ու Թուրքիան դրսեւորեն քաղաքական կամք եւ հարաբերությունները կարգավորելու անկեղծ ձգտում, ապա դրան ոչ մի հանգամանք չի կարող խանգարել»,- ընդգծել է Նալբանդյանը Փարիզում:

«Երեւանն ու Անկարան համաձայնության են եկել կարգավորելու հարաբերությունները, եւ ապրիլին սպասվում է այդ բանակցությունների ամփոփումը, որի արդյունքը կարող է դառնալ հայ-թուրքական սահմանի բացումը»,- գրում է Sabah թուրքական թերթը` ընդգծելով, որ թուրքական իշխանությունները Երեւանին պայման են դրել, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր կլինի ապրիլի 24-ից հետո: