12 հունիսի 2021 - 15:13 AMT
Փաշինյան․ Հոգևոր էլիտայի ներկայացուցիչներն ամեն ինչ արել են հեղափոխության ձախողման համար

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը նախընտրական հանդիպումներ է ունենում Սևանում, կրկին անդրադարձել է հոգևորականներին՝ նշելով, թե չի պատասխանելու նրանց «քստմնելի հայտարարությանը» և ընթերցել է 55-րդ սաղմոսը։

Փաշինյանն ասել է, որ հոգևոր էլիտայի ներկայացուցիչներն ամեն ինչ արել են, Հայաստանի իշխանությանը սեփական կամքը պարտադրելու և հեղափոխության ձախողման համար։

«Մեզ այսօր ասում են, թե փորձում ենք վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները։ Այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։ Այսօր Հայ առաքելակյան եկեղեցում կան բազմաթիվ ազնիվ հոգևորականներ․․․ Ով է ավելի շատ վարկաբեկում՝ կոռուպցիայի մեջ ներգրավված հոգևորականնե՞րը, թե այն մարդիկ, որոնք քննադատությամբ ուզում են, որ մեր եկեղեցին լինի մեր հոգիների, մտքերի, առաջնորդը»,-ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ Փաշինյանը Տավուշի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ պետք է ծնկի բերել էլիտաներին, այդ թվում հոգևորական։ Փաշինյանը հայտարարել էր, որ էլիտաները՝ հոգևորից մինչև քաղաքական, պետք է խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ։ «Դուք տեր չեք, դուք այլևս ծառա եք, դուք այլևս Հայաստանում չեք լինելու տեր»,–ասել էր Փաշինյանը։

Դրան հաջորդել է Մայր Աթռի հայտարարությունը, որտեղ ասվում է․ «Այսու կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։ Բազմադարյա հարուստ մշակույթ և բարձր արժեքներ կերտած մեր ժողովրդին անհարիր են այդպիսի դրսևորումները, որոնք նսեմացնում են մեր ազգային նկարագիրն ու վարկը։ Մի՛ եղեք չարի սերմնացաններ և անընդունելի վարքագծով գայթակղություն մի՛ դարձեք քրիստոնյա մեր ժողովրդի համար»։