15 հունիսի 2021 - 15:29 AMT
Քոչարյանը հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ ՀՀ

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ Հայաստան։ Այդ մասին Քոչարյանը հայտարարել է ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիա գործակալության հարցին։

Կարապետյանի վերադառնալու հավանականության ու կարգավիճակի մասին հարցին ի պատասխան Քոչարյանը պատասխանել է, որ պարբերաբար շփվում է նախկին վարչապետի հետ։

«Ես ափսոսում եմ, որ նա հեռացավ։ Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, ուղղակի ճիշտ չէր։ Համենայնդեպս, իմ կողմից առաջարկություն կլինի»,-ասել է Քոչարյանը Sputnik Արմենիային, ՌԻԱ Նովոստիին և RT-ին-ին տված հարցազրույցի ժամանակ։

Ճշգրտող հարցին ի պատասխան՝ եղե՞լ է այդ թեմայով քննարկում, նախկին նախագահն առաջարկել է հարցը «փակագծերից դուրս թողնել»։

Հունիսի 15-ին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։ Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։

Հունիսի 14-ին Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին առաջիկա ընտրություններում։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։