17 հունիսի 2021 - 18:35 AMT
Էրդողանը խոսել է Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծման հնարավորությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծման հնարավորության մասին՝ օկուպացված Շուշիում երկու երկրի կողմից ստորագրված հռչակագրի շրջանակում։

«Թուրքական ռազմակայանի հարցը Շուշիի հռչակագրի կետերից դուրս չէ։ Հնարավոր է այդ հարցի հետագա զարգացումը։ Հիմա ամենակարևորը սահմանների անվտանգության ապահովումն է։ Բանակցությունները, որոնք վարելու են Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև մեր վարած բանակցությունները, կարող են զարգացնել այդ թեման»,-ասել է Էրդողանը թուրք լրագրողներին Բաքվում, որտեղ նա գտնվում է այցով, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստորագրելով Շուշիի հռչակագիրը, պայմանավորվել են, ՄԱԿ կանոնադրության հիման վրա, փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին՝ կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը սպառնալիքների դեպքում։