«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը, որը չի մասնակցել հունիսի 17-ի նախընտրական բանավեճին, ֆեյսբուքյան եթերով իր հարցերն է ուղղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ում հետ կցանկանար մասնակցել բանավեճի՝ հայտարարելով, որ իշխանությունը ձախողել է հեղափոխության օրակարգը։
Սանասարյանը կոչ է արել, որ քաղաքացները մերժեն և նախկին, և ներկա իշխանություններին, ու քվեարկեն «Ինքնիշխան Հայաստանի» օգտին:
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ արդար չեն հեռուստաբանավեճի կազմակերպման սկզբունքները:
«Մեզ հրավիրել էին նորաբաց կուսակցությունների հետ, որոնց մեծ մասի հետ մեծ հաշվով բանավեճ չունեինք: Բանավեճ ունեինք այն ուժերի հետ, որոնք ինչ-որ բան արել էին, իշխանություն էին ունեցել և չէին սպասարկել Հայաստանի շահերը»,-ասել է Սանասարյանը։
«Պարոն Փաշինյան, այս ժողովրդից ի՞նչ եք ուզում, կարծում եք՝ սա ձեզ համար ևս մեկ փորձադա՞շտ պետք է լինի: Երկրի այս թուլության թիվ մեկ պատասխանատուն դուք եք, դուք եք, որ ձախողեցիք ժողովրդին տված հեղափոխական օրակարգը»,- ասել է Սանասարյանը` նշելով, որ չարվեցին բարեփոխումներ:
«Ինչո՞ւ բարեփոխումներ չկատարվեցին, վեթինգ չիրականացվեց, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց ուսումնասիրություն կատարեմ բանակում՝ գուցե դրա շնորհիվ պատերազմից առաջ կհասկանային՝ ինչ է անհրաժեշտ բանակին»,-ասել է նա:
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։