20 հունիսի 2021 - 11:04 AMT
ԲՀԿ շտաբերից մեկի երիտասարդները ձերբակալվել են

Հունիսի 19-ին ԲՀԿ շտաբերից մեկի երիտասարդները ձերբակալվել են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը։

«Ոստիկանները բերման են ենթարկել արդեն հայտնի դարձած նախընտրական իմ շտաբում գտնվող բոլոր երիտասարդներին։

Անսպասելիորեն շտաբ ներխուժած ոստիկանների կողմից երիտասարդները մի քանի վայրկյանում առանց բացատրության ձերբակալվել են և ուղեկցվել Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանական բաժանմունք»,-ասվում է գրառման մեջ։

Անդրեասյանը նշել է նաև, որ լռության օրը «նման շոուներ կազմակերպելը» փաստում է, որ ժողովուրդը չի վստահում իշխանություններին։

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։