ԵԽԽՎ առաքելության ղեկավար Ջորջ Կաթրուգալոսը, ամփոփելով հունիսի 20-ին ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է, որ, չնայած դժվարություններին և բևեռացված քաղաքական միջավայրին, ընտրություններն արդարացիորեն են կազմակերպվել, ժողովրդավարական բնույթը չի խաթարվել։
Նա նշել է, որ ամբողջությամբ ընդունում են ընտրությունների արդյունքները, գրում է Aysor.am-ը։
«Մենք տեսել ենք որոշ չնչին տեխնիկական խախտումներ որոշ տեղամասերում, բայց սա որևէ կերպ հարցականի տակ չի դնում ժողովրդավարական և սահմանադրական կարգը, որն անհրաժեշտ է նման ընտրություններ կազմակերպելու համար», - ասել է ԵԽԽՎ առաքելության ղեկավարը։
ԵԱՀԿ ԽՎ առաքելության ղեկավար Կարի Հենրիկսենն իր հերթին հայտարարել է, որ ընտրություններն ընդհանուր առմամբ մրցակցային էին և, հաշվի առնելով բավականին սեղմ ժամկետը, բավականին լավ կազմակերպված, գրում է Sputnik Արմենիան։
Ըստ նրա, հաշվի առնելով Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները, կար որոշակի իրավական անորոշություն։
Այնուամենայնիվ, ըստ նրա, ընտրությունները կազմակերպված էին բարձր մակարդակով և վայելում էին ընտրողների վստահությունը։
«Հարգվել են հիմնական իրավունքներն ու ազատությունները, հավասար պայմաններ են ստեղծվել բոլորի համար ընտրարշավի կազմակերպման համար»,-ասել է նա։
Միևնույն ժամանակ, նա նշել է ընտրարաշավի չափազանց մեծ անձնավորվածությունը։ Ըստ նրա՝ միջանձնային հակասությունները խոչընդոտել են նախընտրական ծրագրերի և գաղափարների մրցակցությանը։
Անդրադառնալով տեխնիկական մասին՝ նա ասել է, որ ընտրատեղամասերից շատերը մատչելի չէին հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։