23 հունիսի 2021 - 14:46 AMT
Պուտին․ ՌԴ-ն վճռորոշ դեր է ունեցել ԼՂ հակամարտության կասեցման գործում

Ռուսաստանը վճռորոշ դերակատարություն է ունեցել ԼՂ հակամարտության կասեցման գործում։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Մոսկվայի Միջազգային անվտանգության IX խորհրդաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված իր տեսաուղերձում:

«Ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքների ականզերծման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար»,-ասել է նա, տեղեկացնում է Kremlin.ru-ն։

Նա հավելել է, որ ՌԴ-ն երբեք չի մոռանում այն պատասխանատվության մասին, որ կրում է հարևան երկրների անվտանգության համար, որոնց հետ կապված է անխախտելի պատմական, մշակութային և մարդկային կապերով։

«Մենք մտադիր ենք հետագայում ևս նպաստել տարածաշրջանային հակամարտությանների ապասրացմանը, խաղաղության և կայունության ամրապնդմանը մեր ընդհանուր մայրցամաքում»,-ասել է նա։