24 հունիսի 2021 - 18:12 AMT
Գերիների հարազատները դադարեցրել են նստացույցը․ Հանձնաժողով կստեղծվի

Գերիների հարազատները դադարեցրել են նստացույցը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է գերեվարված շիրակցիներից մեկի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը։

Նրանց ընդունել են կառավարության ներկայացուցիչները և խոստացել հանձնաժողով ստեղծել։

«Կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։

Դրանք են.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)

2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։

Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»,-ասվում է գրառման մեջ։

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը։ Նրանք մեղադրվում են «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։

Բաքվում սկսվել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված երկու հայ ռազմագերներիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի և լյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնց մեղադրում են առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ «գերիներին խոշտանգելու մեջ»։