28 հունիսի 2021 - 12:05 AMT
Մարության․ 211 հատ 8.5 մետրանոց ավտոբուս Երևանին կմատակարարվի աշնանը

211 հատ 8.5 մետրանոց ավտոբուսի մատակարարումը Երևանին կսկսվի 2021թ․ աշնանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ժոնգտոնգ» գործարանի մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երևան հասցնելու համար:

Եվս 100 բարձրակարգ ավտոբուս նախատեսում ենք ունենալ հաջորդ տարվա առաջին կեսին: Շարունակում ենք երևանցիներին մեր խոսք տված ծրագրերի կատարումը»,-ասվում է գրառման մեջ:

Փետրվարի 5-ին Երևանում երթուղի է դուրս եկել նոր կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս և միայն 100 դրամանոցներով՝ մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ նոր տրանսպորտային ցանցի շահագործման համար 2-4 տարի կպահանջվի և 900 ավտոբուս: