28 հունիսի 2021 - 15:20 AMT
Բաքվում սկսվել են թուրք-ադրբեջանական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» զորավարժությունները

Հունիսի 28-ին Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» մարտավարական զորավարժությունները՝ մարտական հրաձգությամբ։

«Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համապատասխան։ Հիմնական նպատակն է բարելավել ադրբեջանական և թուրքական բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտական գործողությունների ժամանակ, զարգացնել հրամանատարների մոտ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման հմտությունները»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, գրում է Haqqin.az-ը։

Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև հունիսի 30-ը, մասնակցում է մոտ 600 զինծառայող, 40 տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 20 միավոր հրետանային կայան և տարբեր տրամաչափի ականանետեր, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, 3 ԱԹՍ, մինչև 50 ավտոմեքենա։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում, մի մասը՝ ՀՀ հետ սահմանի անմիջական հարևանությամբ։