Հայաստանն ու Բելառուսը համատեղ կզբաղվեն Covid-19-ի դեմ դեղամիջոցի մշակմամբ։ Այդ հարցը քննարկվել է հայ-բելառուսական գիտատեխնիկական հանձնաժողովի համատեղ նիստում, որը գլխավորել է Բելառուսի Գիտության և տեխնոլոգիայի պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը և ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, տեղեկացնում է «Բելտա» գործակալությունը։
2021-2023թթ․ ՀՀ-ն և Բելառուսն աշխատում են 6 համատեղ նախագծի վրա, այդ թվում բժշկության և դեղագործության, կենսաբանության, էներգետիկայի և նոր նյութերի ոլորտներում։
Այդ նախագծերի թվում է համակարգչային սքրինինգի տեխնոլոգիաների կիրառումը, մոլեկուլային մոդելավորումը և կենսաքիմիական հետազատությունը կորոնավիրուսային վարակի բուժման համար նոր պոտենցիալ դեղամիջոցների մշակման համար:
«Դրանք համաշխարհային մակարդակի հետազոտություններ են։ Համատեղելով մեր գիտնականների ջանքերը՝ մենք ավելի արագ կարող ենք ստեղծել բարձր տեխնոլոգիական մշակումներ, ինչպես նաև նոր արտադրանք»,-ընդգծել է Շումիլինը:
Կողմերը քննարկել են գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրներում գիտական միջոցառումների անցկացման հարցը:
ՀՀ և Բելառուսի գիտատեխնիկական համագործակցությունը զարգանում է ըստ երկու պետությունների կառավարությունների միջև 2000թ․ հոկտեմբերի 31-ին կնքված համաձայնագրի: