6 հուլիսի 2021 - 13:53 AMT
Մարզպետարան․ Բերդավանի այգիները 24-ժամյա ոռոգման ջրով կապահովվեն

Բերդավանի այգիները, պահանջարկի դեպքում, կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով, ասվում է Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ նման իրողություն հետխորհրդային շրջանում դեռևս չի եղել:

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշ ՋՕԸ-ի տնօրեն Վահագն Ալավերդյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը աշխատանքային այցով Բերդավանում էին: Հանդիպման ընթացքում քննարվել են ջրի սակավությունը, քառաստիճան պոմպերի հնամաշ լինելը և ներքին կազմակերպվածությունը, որոնք խոչընդոտում են այգիների ոռոգման աշխատանքներին: Այսուհետ, պահանջարկի դեպքում, Բերդավանի այգիները կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով. նման իրողություն հետսովետական շրջանում դեռևս չի եղել:

Մարզպետ Ղալումյանը նշել է, որ նախկինում արդեն իսկ Հովնանյան հիմնադրամին ներկայացված ոռոգման ջրի խնդիրը կառավարության կողմից նախագծման փուլում է և հեռու չէ այն ժամանակը, երբ կունենանք լավ ջրամատակարարում. ձախ ճյուղի՝ R2 գծի վերանորոգում, Բերդ 1,2 պոմպակայանների հարակից ջրային ավազանների մաքրում, խորքային պոմպերի տեղադրում», - ասվում է գրառման մեջ:

Վերջին շրջանում խնդիրներ են առաջացել ոռոգման ջրի մատակարարման հետ կապված, հատկապես խնդրահարույց է ոռոգելի ջրամատակարարումը Շիրակի և Արմավիրի մարզերում, որոնց բնակիչները պարբերաբար բողոքի ցույցեր են անում և ճանապարհ փակում։