9 հուլիսի 2021 - 12:33 AMT
Բաքվի դատարանում ՌԴ քաղաքացին հայտարարել է՝ ԼՂ էր մեկնել Ադրբեջանի հատուկ ծառայությունների առաջադրանքով

Բաքվում կալանքի տակ գտնվող ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը, որին մեղադրւմ են «ահաբեկչության» մեջ, դատարանում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ էր մեկնել ադրբեջանական հատուկ ծառայությունների առաջադրանքով։

Ըստ մեղադրական ակտի, Դուբակովը Բաքու է ժամանել 2021-ի հունվարին Թուրքիայի տարածքով՝ ահաբեկչական գործողություն կատարելու նպատակով, սակայն ձերբակալվել է, գրում է Turan-ը;

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավարության ընթացքում նա ասել է, որ հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կղմից 2018-ին Բելառուսում և այցելել է Արցախ նրանց ցուցումով։ Նա ասել է նաև, որ 2021-ի հունվարին նրան կանչել են Բաքու դրամական հատուցում տալու և նոր առաջադրանքներ ստանալու համար, սակայն ձերբակալել են։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, քննության ժամանակ Դուբակովն ասել է, որ, հաշվի առնելով իր ծագումը (հայրը հայ է), նա հետաքրքրվել է ՀՀ-ում գործող ՈՄԱ կազմակերպության գործունեությամբ։ Նա ասել է, թե 2018-ին ժամանել է ՀՀ, որտեղ մարտական պատրաստություն է անցել և հետո նրան ուղարկել են Շուշի և Ստեփանակերտ։ 2019-ին նա ևս այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Ըստ ՌԴ ԱԴԾ տեղեկանքի, Դուբակովը 2018-2019թթ․ մի քանի անգամ այցելել է ՀՀ։

Դատավարությունը կշարունակվի հուլիսի 14-ին։

Դուբակովի դեմ քրգործ է հարուցվել ահաբեկչության, հանցավոր կազմակերպությանը մասնակցության, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով։ Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։