Ստամբուլում թուրքերը պղծել են հայկական եկեղեցին՝ 3 տղամարդ պարել է հայկական Սուրբ Թագավոր տաճարի պատին, որին խաչ է տեղադրված։ Խաչի ֆոնին պարող տղամարդկանց մասին տեսանյութը տարածվել է սոցցանցերում։
Պոլսո Հայոց պատիրարքարանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ եկեղեցում հուլիսի 10-ի ուշ գիշերը տեղի ունեցած դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը։
«Զինովներ էին հավաքված եկեղեցու առջևի փոքր հրապարակում և նրանցից 3-ը եկեղեցու արտաքին պատի վրա մագլցելով, պարել են։ Գիշերապահը հորդորել է, որ իջնեն, սակայն, նրանք շարունակել են մնալ պատի վրա։ Գիշերապահը ոստիկանություն է հայտնել։
Երբ ոստիկանությունը դեպքի վայր է հասել, բոլորն արդեն հեռացել էին»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Պատրիարք Հայրը, լսելով դեպքի մասին հավաստիացրել է, որ Պատրիարքական Աթոռը որպես հոգևոր կենտրոն, կապ հաստատելով պատկան մարմինների հետ, հետամուտ է լինելու դեպքին։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է եկեղեցու պատին պարած տղամարդկանց, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ միջադեպի ժամանակ տղամարդիկ եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Սկսվել է հետաքննություն։
Ստամբուլի քաղաքապետարանը, ինչպես նաև իշխող Արդարության և զարգացման կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, դատապարտել են անարգանքի այդ ակտը։
«Մենք դատապարտում ենք Սբ Թագավոր եկեղեցու հանդեպ անարգանքի այդ ակտը»,-գրել է Չելիքը Twitter-ի իր միկրոբլոգում։