Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ելք ու մուտքը չի թույլատրվում։ Ըստ հրապարակումների՝ կոմբինատում է «Ալֆա» ջոկատը, գրում է «Առավոտը»։
Կոմբինատի ղեկավարությունը դադարեցրել է արտադրական գործընթացը, հանքը չի աշխատում։
Ըստ պարբերականի աղբյուրի՝ հուլիսի 13-ին բերման են ենթարկել կոմբինատի դուստր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակի» հիմնադիր Գարիկ Ղազարյանին։ Քաջարանցիները պատրաստվում են ի պաշտպանություն Ղազարյանի բողոքի ցույց կազմակերպել Երևանում։
Հուլիսի 13-ին «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն ասել էր, որ իշխանությունն արդեն ավելի քան 12 օր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չի տալիս խտանյութ արտահանել։
Կառավարությունը հուլիսի 12-ի արտահերթ դռնփակ նիստում որոշել է արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ։Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որոշման արդյունքում արտահանման ծավալների պահպանման դեպքում 2021-ին ՀՀ պետբյուջեն լրացուցիչ 30-35 մլրդ դրամ կստանա։